Իրաքի Զարգացման ճանապարհ նախագիծը
11 ր. | 2026-06-09Հայտնի է, որ 2023թ. սեպտեմբերին G20-ի համաժողովի ժամանակ Հնդկաստանի վարչապետ Մոդին հայտարարեց Հնդկաստանը Մերձավոր Արևելքով Եվրոպային կապող ենթակառուցվածքային նոր նախագծի մասին, որը հայտնի է IMEC անվանումով։ Թեև առ այսօր նախագիծը քննարկվում է և վայելում է որոշ տարածաշրջանային և խոշոր պետությունների աջակցությունը, սակայն հռչակման օրվանից բախվել է բազմաթիվ խոչընդոտների՝ Գազայի, ապա՝ Իրանի պատերազմներն էապես դանդաղեցնում է նախագծի իրականացումը։ Տարածաշրջանային երկրների, հատկապես՝ Թուրքիայի դիմադրությունն իր երկրի տարածքը շրջանցող նախագծին նույնպես հավելյալ բարդություններ է ստեղծում։
Նախքան IMEC-ը, սակայն, հռչակվել էր մեկ այլ խիստ ծախսատար և հավակնոտ նախագիծ, որը, համաձայն բազմաթիվ հետազոտողների կարծիքի, Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքի մրցակիցն է։ Խոսքը Զարգացման ճանապարհ նախագծի մասին է, որը Պարսից ծոցում Իրաքի Ալ-Ֆաո նավահանգիստը երկաթուղային ճանապարհով միացնելու է Թուրքիային, ապա՝ թուրքական հաղորդակցության ուղիներով ձգվելու է մինչև Եվրոպա։ Այս համարձակ ծրագրի մեկնարկը տվել էր Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին՝ 2023թ. մայիսի վերջին։
Բաղդադում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Իրաքը հայտարարել էր ցամաքային և երկաթուղային նոր ուղի ստեղծելու որոշման մասին, որով Իրաքը հնարավորություն էր ստանալու վերածվելու Մերձավոր Արևելքի և Եվրոպայի բեռնափոխադրումների առանցքային հանգույցի։ Նախագծի արժեքը շուրջ 17 մլրդ դոլար էր, իսկ հաղորդակցության ուղու երկարությունն Իրաքի տարածքում՝ շուրջ 1200 կիլոմետր։
«Զարգացման ճանապարհ» (Development Road) անվանումը ստացած ծրագրի իրականացմանը մասնակցելու էին տարածաշրջանի մի շարք երկրներ՝ Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Հորդանանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Սիրիան։ Համաժողովի բացման ելույթում Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին նշել էր. «Մենք այս նախագիծը դիտարկում ենք որպես ոչ նավթային կայուն տնտեսության հենասյուն, օղակ, որը կծառայի Իրաքի հարևաններին ու ողջ տարածաշրջանին և իր նպաստը կբերի տնտեսական ինտեգրմանը»։
Համաժողովին ներկա էր նաև Թուրքիայի դեսպանը, ով հայտարարել էր, թե Թուրքիան «զարգացման այս ուղու հիմնական գործընկերն է, որը շահավետ է բոլորին»։
Նախագիծն, իսկապես, կարող է մեծ նշանակություն ունենալ Իրաքի տնտեսության համար թե՛ կառուցման ընթացքում, քանի որ կառուցվելու են ճանապարհներ, երկաթուղի, շուրջ 15 կայարան և այլ ենթակառուցվածքներ, թե՛ որպես տարանցիկ երկիր մեծացնելու է երկրի ֆինանսական մուտքերը։ Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2029թ.-ին, իսկ մինչև 2050թ. զարգացվելու է ենթակառուցվածքները՝ տարեցտարի մեծացնելով ապրանքաշրջանառությունը։
«Զարգացման ճանապարհ» նախագծի առաջին հանգույցն Իրաքի նավթով հարուստ հարավի Ալ-Ֆաո նավահանգիստն է, որը և ցամաքով միանալու է Թուրքիային։ «Զարգացման ճանապարհը» միայն ապրանքներ կամ ուղևորներ փոխադրելու համար չէ. այն դուռ է բացում Իրաքի ընդարձակ տարածքների զարգացման համար»,- հայտնել էր Իրաքի նավահանգիստների գլխավոր ընկերության գլխավոր տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին։
Իրաքի կառավարությունը նախատեսում է գործարկել արագընթաց բեռնատար և ուղևորատար գնացքներ, որոնց կունենան մինչև 300 կմ/ժամ արագություն։ Ինչպես ժամանակակից գրեթե բոլոր տնտեսական միջանցքներն ու հաղորդակցության ուղիները, «Զարգացման ճանապարհը» ևս նախատեսում է զուգահեռ այլ ենթակառուցվածքներ՝ նավթամուղ, գազատար, օպտիկամանրաթելային մալուխներ և այլն։
Նախագիծը հատկապես նշանակալի է դառնում, երբ համեմատություն է արվում Իրաքի ներկայում գործող երկաթուղային հին հաղորդակցության հետ, որը Բաղդադից Բասրա 500 կիլոմետրը հաղթահարում է 10-12 ժամում։
Թեև «Զարգացման ճանապարհի» առաջին շահառուն Իրաքն է, սակայն ակտիվորեն քննարկվում է դրա միջազգայնացումը. չի բացառվում, որ հետագայում երկաթուղին միանա Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Օմանի երկաթուղային ցանցերին, ինչը մեծ հնարավորություններ կստեղծի նաև Թուրքիայի համար՝ երկաթուղային կապով Պարսից ծոցին միանալով։
Պատմություն
Զարգացման ճանապարհի գաղափարը նոր չէ. 20-րդ դարի սկզբին Գերմանիան նախաձեռնում և մասամբ իրականացնում է հավակնոտ մի նախագիծ, որը պատմությանը հայտնի է Բեռլին-Բաղդադ-Բասրա երկաթուղի։ Այն ժամանակվա համար չափազանց դժվարին կառույցի նպատակն էր շրջանցել Սուեզի ջրանցքը, որը, ինչպես հայտնի է, Բրիտանական կայսրության սեփականությունն էր։ Թեև այսօր գոնե արտաքուստ Զարգացման ճանապարհի հեղինակները նման խնդիր չեն բարձրաձայնում, սակայն աշխարհատնտեսական նպատակները շատ նման են։ 20-րդ դարի սկզբին Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումն ընդհատվում է 1918թ.-ից հետո, շարունակվում 1930-ական թվականներին և ավարտվում 1940-ին։ Թեև երկաթուղին գործարկվում է, սակայն չի հասնում Իրաքի ծովային ելքին՝ Բասրա։ Գրեթե 100 տարի անց, այժմ արդեն Իրաքի կառավարությունն է փորձում կյանքի կոչել դարասկզբի անավարտ նախագիծը։
Զարգացման ճանապարհ նախագիծը քննարկվել է նաև 20-րդ դարի վերջերին. այն ժամանակ Իրաքը Թուրքիային կապող երթուղին կոչվում էր «Չոր ջրանցք»։
Ալ-Ֆաո նավահանգիստը
Ինչպես նշեցինք՝ Զարգացման ճանապարհը սկսվում է Պարսից ծոցի իրաքյան ափում գտնվող Ալ-Ֆաո նավահանգստից։ Հենց այդտեղից էլ սկսվել է բազմամիլիարդանոց նախագծի կառուցման առաջին փուլը։
Հարավային Իրաքում Ալ-Ֆաո նավահանգստի կառուցումը մեկնարկել է շուրջ տասը տարի առաջ, սակայն բախվել է զգալի հապաղումների, ինչը մասամբ պայմանավորված էր ֆինանսավորման խնդիրներով և քաղաքական գործոններով։ Նավահանգստի գլխավոր հատակագիծը նախատեսում է կոնտեյներային, չոր բեռների և նավթային տերմինալների հսկայական համալիր՝ տարեկան 99 միլիոն տոննա ընդհանուր թողունակությամբ, ինչպես նաև չոր դոկ և ռազմածովային բազա։
Հարավկորեական Daewoo E&C ընկերությունն իրականացնում է նավահանգստի առաջին փուլի շինարարությունը՝ համաձայն 2,7 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի։
Առաջին փուլի ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցումն իր առանցքային նպատակակետին հասավ 2024թ. նոյեմբերին, երբ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանին հանդիսավորությամբ ընդունեց պատրաստի կառույցը։ 2025 և 2026 թվականներին հաջողությամբ իրականացվել են փորձնական սպասարկման, տարբեր կոնստրուկցիաների ստորջրյա կառուցման աշխատանքներ և ծովային փորձարկումներ։
Շինարարության առաջին փուլի հիմնական նպատակն էր ստեղծել ծովային հենքային ենթակառուցվածքները, որոնք ունակ կլինեն սպասարկելու միլիոնավոր տոննա բեռներ։
Այս պահին ավարտվել են բետոնե հինգ նավամատույցների շինարարությունը, որոնք հատուկ նախագծված են միջազգային խոշոր տարողության կոնտեյներատար նավերի սպասարկման համար։ Նավահանգիստը Պարսից ծոցի հոսանքներից պաշտպանելու նպատակով կառուցվել է աշխարհի ամենաերկար՝ շուրջ 14կմ երկարությամբ ալեբախը։
Ավարտին է հասցվել նաև 2․44 կմ երկարությամբ Խոր Ալ-Զուբայրի ստորջրյա թունելի հիմնական շինարարությունը։ Անցնելով նավարկելի ջրանցքի հատակով և կառուցված լինելով գրեթե 30 մետր ջրի տ ակով՝ թունելը ծովափնյա կոնտեյներային հարթակներն ուղղակիորեն կապում է Ում Քասրի մոտակայքում գտնվող մայրուղուն։ Ծավալուն հողահորատման և հատակախորացման աշխատանքների արդյունքում փորվել է 17-18 մետր խորությամբ ջրանցք, ինչը հնարավորություն է տալիս նավահանգստում ընդունելու ժամանակակից հսկայական նավեր։
Նավահանգստի ծովային ինժեներական և նավամատույցների շինարարական աշխատանքների հիմնական կատարողը հարավկորեական ենթակառուցվածքային խոշորագույն հսկա Daewoo Engineering & Construction (Daewoo E&C) ընկերությունն է։ Daewoo-ն իրականացման հիմնական պայմանագրերը ստորագրել է Իրաքի նավահանգիստների գլխավոր ընկերության (GCPI) հետ։ Բացի այդ, նավահանգստի և հարակից գոտու տնտեսական ներուժն առավելագույնի հասցնելու նպատակով, Իրաքը զուգահեռ պայմանագրեր է կնքել Չինաստանի քիմիական ճարտարագիտության ազգային ընկերության (CNCEC) հետ՝ օրական 300,000 բարել թողունակությամբ նավթավերամշակման գործարան և պետրոքիմիական համալիր կառուցելու համար։ Իսկ ավելի լայն միջանցքի տեխնիկական հիմնադրույթները մշակվել են իտալական PEG Infrastructure ընկերության նախագծմամբ։
Առաջին փուլի ծովային կառուցվածքների իրականացման համար Daewoo E&C ընկերության հետ կնքված պայմանագրի արժեքը կազմել է շուրջ 2․7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդուհանդերձ, երբ հաշվի են առնվում առաջին փուլի ավելի լայն ենթակառուցվածքային էկոհամակարգը՝ ներառյալ նավթավերամշակման գործարանի վերաբերյալ համաձայնագրերը, տարածաշրջանային նավարկության հատակախորացման աշխատանքներն ու հիմնական կապող արագընթաց մայրուղիները, մեկնարկային գոտու համար պետական ընդհանուր հատկացումները տատանվում են 4․6-ից 4․8 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմաններում։
Զարգացման ճանապարհ նախագծի աշխատանքներում ընդգրկված է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների AD Ports ընկերությունը, որը գործունեություն է ծավալում ավելի քան 40 երկրում։ 2024թ. ապրիլին ընկերությունը համաձայնագիր էր կնքել Իրաքի նավահանգիստների գլխավոր ընկերության հետ՝ Ալ-Ֆաո մեծ նավահանգստի և հարակից տնտեսական գոտու զարգացման աշխատանքների համար։
Մրցակցություն Սուեզի ջրանցքի հետ
Նախագծի հրապարակումից անմիջապես հետո մեդիան և վերլուծական կենտրոնները սկսեցին քննարկել Զարգացման ճանապարհի և Սուեզի ջրանցքի հնարավոր մրցակցության հարցը։ Նախնական գնահատականներով Սուեզի ջրանցքը մշտապես պահպանելու է իր նշանակությունը. համեմատելով վերջրյա և ցամաքային բեռնափոխադրումները՝ ծովային տրանսպորտը մնում է նախընտրելի՝ փոխադրման ճկունության շնորհիվ. գնացքներն ունեն սահմանափակ հզորություն և ծավալ, մինչդեռ ծովային կոնտեյներները կարող են տեղափոխել տարբեր չափսի բեռներ՝ կախված նավի մեծությունից: Բացի այդ, մեծաքանակ և մեծածավալ բեռների համար նախընտրելի է ծովային փոխադրումը:
Պակաս կարևոր չեն նաև աշխարհաքաղաքական առանձնահատկությունները՝ Զարգացման ճանապարհն ունի մի շարք տեղային բարդություններ, պայմանավորված տարբեր երկրների ու ուժերի քաղաքական հակասություններով։ Չնայած զգուշավոր լավատեսությանը՝ այնուամենայնիվ Զարգացման ճանապարհը կարող է էական մրցակից լինել Սուեզի ջրանցքին մի քանի հիմնական պատճառներով։ Առաջին հերթին, թերևս, հարկ է նշել հաղորդակցության ուղիների և մատակարարման շղթաների համար ամենակարևոր բաղադրիչը՝ ժամանակը։ Զարգացման ճանապարհն իր ողջ հզորությամբ գործարկելու դեպքում բեռները Չինաստանից Եվրոպա կհասնեն 15 օր ավելի շուտ։
Կարևոր են նաև Սուեզի ջրանցքի նախադռան՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում ժամանակ առ ժամանակ ստեղծվող աշխարհաքաղաքական բարդությունները։ Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մրցակցության և հակամարտությունների պատճառով նեղուցը կարող է փակվել կամ սահմանափակել նավերի երթևեկությունը, ինչն արդեն ուղղակիորեն հարվածում է Սուեզի ջրանցքին։ Չնայած Եգիպտոսի իշխանությունները ջանք չեն խնայում Սուեզում նավարկությունն անխափան պահելու համար, սակայն մարտահրավերներ միշտ էլ կարող են լինել։
Թուրքիայի դերը Զարգացման ճանապարհում
Զարգացման ճանապարհ նախագծում վճռական նշանակություն ունի Թուրքիայի դերակատարությունը։ Լինելով Եվրոպա տանող ճանապարհի վերջին հանգույցն ու ունենալով բավականին լավ զարգացած հաղորդակցային կարողություններ՝ Թուրքիան աջակցում է ծրագրին։ Այն հնարավորություն կտա Իրաքի տարածքով ուղիղ կապ հաստատել Պարսից ծոցի հետ, մեծացնել առևտրաշրջանառությունը, ինչպես նաև ուժեղացնել աշխարհատնտեսական դիրքերը ողջ Մերձավոր Արևելքում։
Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա նախագծի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան իր վճռական դժգոհությունն էր հայտնել, քանի որ IMEC-ը շրջանցում էր իրեն։ «Մենք ասում ենք, որ չի կարող միջանցք լինել առանց Թուրքիայի։ Արևելքից արևմուտք ձգվող ամենահարմար ճանապարհ անցնում է Թուրքիայով»,– 2023թ. սեպտեմբերին հայտարարել էր նախագահ Էրդողանը։
Զարգացման ճանապարհը հնարավորություն է տալիս շրջանցել Կարմիր ծովի կրիտիկական հանգույցներից մեկը՝ Բաբ Էլ-Մանդեբի նեղուցը, որտեղ 2023թ.-ին լարվել էր իրադրությունը և մասամբ խափանվել նավարկությունը։
2024թ. մայիսին Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուրքադիր Ուրալօղլուն Ալ Ջազիրային տված հարցազրույցում մանրամասն անդրադարձել էր Զարգացման ճանապարհ նախագծում Թուրքիայի հետաքրքրություններին։ Նա նշել էր, որ թեև նախագիծը բավականին թանկարժեք է, այնուամենայնիվ, զգալի առավելություններ ունի։ Շրջանցելով Կարմիր ծովը՝ այն հնարավորություն է տալիս բեռները հասցնել Եվրոպա 25 օրում, ինչը շուրջ 30%-ով ավելի քիչ է, քան Բարեհուսո հրվանդանի մոտով Աֆրիկյան մայրցամաքի շրջանցումը։
«Սկիզբ առնելով Ալ-Ֆաո նավահանգստից՝ նախագիծը մոտ 15 օրով կկրճատի բեռնափոխադրման ժամկետը՝ Սուեզի ջրանցքով Եվրոպա հասնող նավերի համեմատությամբ: Դա հնարավոր կլինի 1200 կիլոմետրանոց երկաթգծի և մայրուղու միջոցով, որոնք նավահանգիստը կկապեն թուրքական սահմանի հետ՝ նոր հեռանկարներ բացելով տարածաշրջանային առևտրի համար:
Չինաստանից մեկնող նավերը, շրջանցելով Բարեհուսո հրվանդանը, Լոնդոն են հասնում մոտ 45 օրում՝ նախկին 35 օրվա փոխարեն, ինչը նշանակում է ծախսերի գրեթե 30% աճ և ժամանակային զգալի կորուստ։ Բացի այդ, այս երթուղուց օգտվող նավերի ապահովագրական ծախսերը կտրուկ ավելացել են։ Հետևաբար, եթե մենք այսօր ավարտին հասցրած լինեինք «Զարգացման ճանապարհ» նախագիծը, ապա 45-օրյա ժամկետը կկրճատվեր մինչև 25 օր, ինչը նաև կնվազեցներ ծախսերը»,– ասել էր Ուրալօղլուն։
2024թ. ապրիլի 22-ին Բաղդադում տեղի է ունենում Զարգացման ճանապարհ նախագծի անվտանգության, տնտեսության և զարգացման շրջանակային համաձայնագրի ստորագրության հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին, Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհայլ Մոհամեդ ալ-Մազրուին, Կատարի տրանսպորտի նախարար Ջասիմ բին Սաիֆ բին Ահմեդ ալ-Սուլայթին և Իրաքի տրանսպորտի նախարար Ռազզակ Մուհայբաս ալ-Սաադավին։ Հարկ է նշել, որ վերջին 13 տարում Թուրքիայի նախագահն առաջին անգամ էր այցելում Իրաք։
Մի քանի օր անց Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուն անդրադառնում է Զարգացման ճանապարհին, նշելով, որ «Թուրքիան կենսական դիրք է զբաղեցնում կենտրոնական և հարավային երթուղիների վրա՝ գտնվելով Կովկասից ու Ռուսաստանից մինչև Աֆրիկա ձգվող հյուսիսային և հարավային ուղիների հանգուցակետում։ ...Այս նախագիծն անգնահատելի նշանակություն ունի ինչպես մեր, այնպես էլ ստորագրած մյուս պետությունների համար։ Համաշխարհային առևտրի ծավալների զգալի աճին զուգընթաց ավելանում են նաև փոխադրումները։ Ամեն դեպքում, նոր ճանապարհների և հավելյալ հզորությունների անհրաժեշտություն է առաջանալու, և բնականաբար, առավել գրավիչ տարբերակները կդառնան նախապատվելի»։
Նախագահ Էրդողանի Իրաք կատարած այցի ընթացքում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններից մեկը «Զարգացման ուղու» շինարարությունն ու շահագործումը համակարգող նախարարների խորհրդի ստեղծումն էր։ Ստամբուլում կայացած այս խորհրդի անդրանիկ նիստը սկսում է ձևավորել համագործակցության հիմնական մեխանիզմները։ Հանդիպման ժամանակ մշակվում են նաև նախագծի ֆինանսավորումն ու շահագործումն ապահովող սկզբունքները, որոնցից առաջնայինը ֆինանսավորման միասնական համակարգի ստեղծման առաջարկն էր, որը մասնակից բոլոր կողմերին հնարավորություն կտա ուղղակի միջոցներ ուղղել նախագծի իրականացմանը։
Զարգացման ճանապարհի նշանակությունը կրկին նկատվեց այս տարի. Իսրայել-ԱՄՆ-Իրան պատերազմի օրերին և Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների խափանումների համատեքստում Թուրքիան կրկին խոսեց Զարգացման ճանապարհի մասին, նշելով, որ այն կարող է դառնալ «Հորմուզի հակաթույնը»։ «Հորմուզի շուրջ ստեղծված փակուղին ևս մեկ անգամ ի ցույց դրեց «Զարգացման ճանապարհ» նախագծի ռազմավարական նշանակությունը։ Ծոցի երկրները սեփական փորձով և ցավով զգացին Հորմուզից կախվածության գինը։ Մենք տեսնում ենք ազդակներ, որ նրանք այժմ նորովի են նայում այս նախագծին։ Զարգացման ճանապարհը ռազմավարական հակաթույն կլինի նմանօրինակ ճգնաժամերի համար։ Ի սկզբանե մենք սա դիտարկել ենք ոչ թե որպես սովորական ճանապարհ, այլ որպես բազմաշերտ առևտրային միջանցք»,– այս տարվա մայիսի սկզբին ասել էր Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուն։
Ըստ որոշ գնահատականների՝ Զարգացման ճանապարհը, ամբողջությամբ իրագործվելու դեպքում, դեպի հյուսիս-արևելք ձգվելու և հետագայում Միջին միջանցքին միանալու հնարավորություն ունի։ Գուցե այս պահին այս նախագիծը անիրատեսական թվա, սակայն պետք չէ բացառել նաև այս հնարավորությունը։ Զարգացման ճանապարհն առաջացրել է նաև Օմանի և Սաուդյան Արաբիայի հետաքրքրությունը, որոնք այժմ որոշակի նախագծեր են մշակում՝ Թուրքիայի երկաթուղային համակարգին միանալու և Պարսից ծոցը Եվրոպային կապելու հեռահար նպատակով։
Զարգացման ճանապարհը որոշակի հետաքրքրություն է առաջացրել նաև Հայաստանում. 2025թ. հոկտեմբերի Իրաքի վարչապետի խորհրդական Նասեր ալ-Ասադին հայտնել էր, որ Օմանի Սուլթանությունն ու Հայաստանի պաշտոնապես դիմել են Զարգացման ճանապարհին միանալու ցանկությամբ։
«Իրաքում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ իր երկիրը ցանկանում է նախագծի մաս կազմել՝ հայկական արդյունաբերական ձեռնարկությունների համար ազատ տնտեսական գոտի հիմնելու և Իրաքի ու տարածաշրջանի հետ առևտրաշրջանառության ծավալելու միջոցով»,– ասել էր Իրաքի վարչապետի խորհրդականը։
Այսպիսով, մենք ականատես ենք լինում երկար տասնամյակներ քննարկված ենթակառուցվածքային հերթական մեծ նախագծի ստեղծմանը։ Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն ապագայում և ինչ ճակատագրի կարժանանա Զարգացման ճանապարհը, սակայն կարող ենք այսօր փաստել, որ այն կարևոր նշանակություն կարող է ունենալ ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ հարակից մյուս տարածաշրջանների համար։